Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հացի խնդի՞ր, թե՞ հոգևոր և աշխարհիկ բիզնես-մրցակցություն

Հացի խնդի՞ր, թե՞ հոգևոր և աշխարհիկ բիզնես-մրցակցություն
08.05.2009 | 00:00

ԱՌՏՆԻՆ
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանաների, մոմավաճառների և մուրացկանների հարաբերությունները լարվածության գագաթնակետին են հասել։ Մի կողմը փորձում է օրվա հացի փող աշխատել, մյուս կողմը պաշտպանում է իր շահերը` չմոռանալով նաև եկեղեցու գանձանակի մասին։ Որտե՞ղ է ավարտվում հոգևորն ու սկսվում աշխարհիկը։
Մաշտոցի պողոտայի և Պռոշյան փողոցի հատման գետնանցումում, անկախ եղանակից, կարելի է տեսնել մանրավաճառ Ծաղիկ Մուրադյանին։ Վերջինս նախկինում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակայքում էր նստում և վաստակում էր երեք անգամ ավելի, քան հիմա։
«Եկեղեցու քահանաները ոստիկաններին կարգադրում են, որ ոչ մեկի չթողնեն զբաղվել առևտրով,- ասում է Ծաղիկը։- Ազատություն չկա, ճնշում են, չեն թողնում գնանք այդ աստիճանների վրա օրվա հացի փող վաստակենք։ Եկեղեցին օրական հինգ հազար հատ մոմ է ծախում, թող մի քանի հատ էլ թողնեն մենք ծախենք, է՛լի, իրենցից ի՞նչ է գնում»։
Եթե քահանաներին հաջողվել է Ծաղիկ Մուրադյանին ընկճել, ապա նույնը չեն կարողանում անել եկեղեցու բակում մի քանի մոմ վաճառողների հետ։ Վերջիններս բավականին համառ են, բայց դա ոչ թե սկզբունքային համառություն է կամ պնդաճակատություն, այլ ընդամենն անճարակություն և այլընտրանքի բացակայություն։
«Եթե ես ապրելու ուրիշ հնարավորություն ունենամ, մոմ չեմ վաճառի։ Ամսական 40000 դրամ տան վարձ եմ տալիս, օրվա հացի փող աշխատում, մի կերպ ընտանիք պահում։ Եթե էս գործը չլինի ի՞նչ պիտի անեմ... Գողություն անես, պիտի բռնեն` նստացնեն»,- ասում է Մարինե Հովհաննիսյանը։
Տիգրան Հուսիկյանին մոմի ապօրինի վաճառքի համար 20000 դրամով տուգանել են, գումարը պետք է մուծեր տասնհինգ օրվա ընթացքում, ինչը հասկանալի պատճառներով չի արվել։
«Ամիսը հիսուն հազար դրամ էլ ես եմ վարձ տալիս,- ասում է Մարինե Մաթևոսյանը։- Աղջկաս երկու որբ երեխաներին եմ պահում, մոմավաճառությունն իմ եկամտի միակ աղբյուրն է, մի կերպ յոլա ենք գնում, իսկ քահանաներն էլ, մեր հետևից ընկած, գնում, մեր դեմ ոստիկանությունում ցուցմունք են տալիս»։
Այս մարդկանց համոզմամբ` եկեղեցին հենց իրենց նման կարիքավորներին, մուրացկաններին պետք է օգնի, այնինչ քահանաները նրանց եկեղեցուն մոտիկ չեն թողնում, որպեսզի օտարերկրացիներն ու սփյուռքահայերը չտեսնեն խղճուկ հագուկապով թշվառ մարդկանց։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդ տեր Հովսեփը չի ժխտում այս իրողությունը։ Նա ասում է, որ եկեղեցու շրջակայքը տարբեր կազմակերպությունների օժանդակությամբ բարեկարգվում ու կանաչապատվում է` ավելի ակնահաճո դարձնելու համար, և դրա կողքին չպետք է լինեն անշնորհք պահվածքով մարդիկ, որոնք հաճախ են հայհոյում քահանային ու եկեղեցու այցելուներին։ Եկեղեցի են այցելում նաև օտարերկրացիներ, որոնց վրա վատ տպավորություն է թողնում այն, ինչ կատարվում է եկեղեցու տարածքում։
«Եկեղեցին, ինչպես բոլոր կազմակերպություններն ու հաստատությունները, ունի իր վարչական տարածքը, որտեղ ինչ կատարվում է` պետք է լինի եկեղեցու հսկողության տակ։ Եկեղեցին այն վայրը չէ, որտեղ ով ինչ ուզի կամ ինչ բնույթի աշխատանք ուզի` անի։ Եկեղեցու տարածքում առուծախ, մուրացկանություն կամ նմանատիպ բաներ չպետք է լինեն։ Ի՞նչ է, պարսպապատե՞նք եկեղեցու տարածքը»,- վրդովված հարցնում է տեր Հովսեփը։
Նա համոզված է, որ եկեղեցու տարածքում շրջող մանրավաճառներն ու մուրացկաններն իրենց «նայողներն» ունեն, որոնք լուրջ բիզնեսով են զբաղված։ Եկեղեցու առաջնորդը, սակայն, սա բիզնես-մրցակցություն չի համարում։
«Մենք ինչ-որ փողոցային վաճառականի հետ մրցակցելու խնդիր չունենք։ Եթե փորձում ենք մեր իրավունքները պաշտպանել, դա չի նշանակում, թե մրցակցում ենք»,- ասում է նա։
Իրավաբան Շուշան Չատիկյանի կարծիքով էլ` ցանկացած կազմակերպության վարչական տարածքը հսկում է սեփականատերը, և օրենքը նրան իրավունք է տալիս արգելելու իր շահերից չբխող յուրաքանչյուր երևույթ։ Իսկ եկեղեցին ամենամեծ կազմակերպություններից մեկն է։
Մանվել ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 3795

Մեկնաբանություններ